Ամեն առավոտ վեր կենալուն պես խառնում ու շիլաշփոթ եմ սարքում դեռ չսկսված օրը, հետո ինքս էլ չեմ կարողանում ուտել իմ սարքածը։ Խառն ու փնթի սարքած ուտեստի ծանր հոտը մտնում է ամեն տեղ, ու ճաշի առանձին բաղադրիչների համից ոչինչ չի մնում։ Հետ եմ գալիս անկողնուս, գլուխը դնում բարձիս ու էդ մտքաճաշի ծանրությունից նորից ցանկանում քնել, հետո աղոտ հիշում` որոշ պարտականություններ ու խոստումներ ունեմ, կիսաերազային մտածում դրանց մասին, կողքից, նենց, որ դրանք իմը չեն, այլ մի ուրիշինն են, ում կյանքին հետևում եմ էկրանի հակառակ կողմում։ Իմ կյանքն էլ իմը չի, ես դիտորդ եմ կամ անցորդ, վերջին կարևորության դերում ինչ֊որ մեկը, ով ոչ մի առանձնակի ազդեցություն չունի ընթացքի վրա։ Ես շարունակում եմ հետևել իմ ինքն իրեն գնացող կյանքին, կարճացող ժամանակին, մեռնող զգացումներին ու լիցքերին, ամեն օրվա հետ դիտելիս թվում է թե ֆիլմը ավելի սևուսպիտակ է դառնում, կադրերը ավելի դանդաղ են գնում ու մի խոսքով նայելը դառնում է ձանձրալի, որովհետև նախնական էներգիայից ստացած իներցիան սկսում է մարել։
Համ գլխիս մեջ եմ կիսատ, համ իրականում։ Լռվել եմ ինչ֊որ կիսաիրական վիճակի մեջ, որից չեմ կարողանում դուրս պրծնել, քանզի մարմնիս ու մտքիս բոլոր մասերը նույն կիսաերազային վիճակի մեջ են։
Մեկ֊մեկ կամքի ուժ դրսևորելիս մտածում եմ, թե ինչի պակաս է զգում մարմինս կամ հոգիս կամ կյանքս ընդհանրապես։ Ու դժվարանում եմ ինչ֊որ բան ցանկանալ, ցանկացածս էլ կայուն բնույթ չի կրում։
Մտածում եմ` որտեղ եմ շեղվել, կամ արդյոք ինչ֊որ կանխորոշված ճանապաչհ կար որով չանցա ու սխալվեցի, թե առաջ խաբկանքների մեջ էի թե հստակ ճանապարհ կա, նպատակներս մեծ են ու արժանի որ նրանց հետևեմ։
Փորձում եմ վերագտնել ու հիշել ինքս ինձ անցյալի ինչ֊որ կիսաթափանցիկ դրվագներում, գրածս հին նոթերի ու արածներիս մեջ։ Օգնում է, չնայած շարունակում եմ մոլորված մնալ թե ով պիտի լինեմ հիմա և ինչին պիտի ձգտեմ։ Իսկ գուցե գաղտնիքը ինքս ինձ երջանիկ զգալու թույլտվության մեջ է, համարելու, որ ամեն ինչ հենց այնպես է ինչպես ուզում եմ ու կարեղ եմ վայելել բոլոր կատարվող մանրումեծ իրադարձությունները։
Իհարկե, ես ցանկանում եմ ինքս ինձ թույլ տալ երջանիկ լինել, իսկ ինչպե՞ս մաքրեմ ներսիս մշուշը կամ հոգուս ճարպը, որ զգամ երջանկությունը։
Հետաքրքիր է, որ ֆիզիկապես ճարպոտ ինձ զգալուց բացի ինձ հոգեպես էլ եմ ճարպոտ ու ծանր զգում։
Զգում եմ թե ամեն օր ինչպես եմ զսպում ներսիս ակտիվ լինելու ցանկությունը, ուզում եմ վազել, թռի֊վռի անել, բայց ինչ֊որ բան իսկույն շեղում է միտքս ու ես մոռանում եմ, որ նման ցանկություն ունեի...մինչև որ գիշերը գլուխս բարձին դնելիս հիշում եմ ցանկություններս, մտածում որ ուշ է ու օրս հաջորդ օրը նույն ափսոսանքի և մոլորության զգացումով բացվում է։ Արև, տաք ամառ, վերևի հարևանի լացկան երեխայի ձայնը, շփոթված ու կիսաանջատված մարդիկ, կենցաղային հարցեր, չգիտեմ միթե սա է կյանքը, ամեն դեպքում առաջ ուրիշ պատկերացում ունեի))
Comments
Post a Comment